Wednesday, June 22, 2011

Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոց

Դիլիջանի Գեղարվեստի մանկական դպրոցն այսօր կրում է հայ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Հովհաննես Շարամբեյանի անունը: Գեղարվեստի դպրոցը հիմնադրվել է նրա իսկ նախաձեռնությամբ 1947 թվականին որպես նկարչական ստուդիա, իսկ հետագայում 1970թ-ից դարձել է նկարչական դպրոց: Դեռ այդ ժամանակվանից կար անհրաժեշտություն ու մտահոգություն Դիլիջան քաղաքում պահպանելու ու զարգացնելու կերպարվեստի և ժողովրդական արհեստների մի շարք ճյուղեր: Այսօր, երբ տասնյակ տարիներ են անցել դպրոցի ստեղծման օրից, անհնար է չգնահատել մեծ նկարչի դերն ու ավանդը հաջորդ սերունդների գեղագիտական դաստիարակության գործում:

Դպրոցում դասավանդվում են մի շարք առարկաներ, ինչպես գեղանկարչություն, գրաֆիկա, կոմպոզիցիա, հայ և համաշխարհային արվեստի պատմություն, դեկորատիվ կիրառական արվեստի ճյուղերի` փայտի գեղարվեստական մշակում, ասեղնագործություն, ժանյակագործություն, կարպետագործություն, գոբելենագործություն, բատիկի ուսուցում և այլն:

1970թ-ից դպրոցն ունենալով իր առանձին մասնաշենքը ստացել է զարգանալու և ինքնադրսևորվելու հնարավորություն, անցել պետական հովանու տակ և հետագայում վերանվանվել “Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոց”:
Այսօր Դիլիջանից և հարակից գյուղերից կրթօջախ են հաճախում հարյուր քառասուն սան: Դպրոցի աշակերտները հետագայում իրենց ուսուցումը շարունակում են ՀՀ տարբեր բուհերում:

Իր առջև դրված խնդիրների լուծման նպատակով դպրոցն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, կապեր հաստատելով հանրապետության և միջազգային մշակութային, կրթական մի շարք կազմակերպությունների հետ` նրանց ներգրավելով դպրոցի զարգացման գործում: Կատարվում է աշխատանք կադրերի վերապատրաստման, մասնագետների փոխանակման ուղղությամբ:

Դպրոցում մշտապես անց են կացվում մշակութային և կրթական միջոցառումներ, հայտնի արվեստագետներին նվիրված ցերեկույթներ, բաց դասախոսություններ, տոնական միջոցառումներ: Ավանդական են ամառային մասնագիտական սիմպոզիումներն ու ճամբարները, հանրապետական ու միջազգային ցուցահանդեսների բազմաթիվ հրավերներն ու մասնակցությունները, որոնց մեծ խանդավառությամբ են մասնակցում դպրոցի սաներն ու շրջանավարտները` ցուցաբերելով լավագույն արդյունքներ:

Դպրոցի այցեքարտը համարվող ու մշտապես գործող ցուցասրահը յուրաքանչյուր այցելուի ներկայանում է իր մանկական ու անկեղծ գունագեղությամբ: Դահլիճում կազմակերպվում են նաև կինոդիտումներ ու քննարկումներ դպրոցի սաների և համայնքի բնակիչների համար:

Այսօր դպրոցի աշխատանքային գործունեությունն ընթանում է հնարավորինս ակտիվ, իսկ կազմակերպվող միջոցառումները հնչեղ արձագանք են գտնում տարածաշրջանում` ընդլայնելով դպրոցի գործունեության շրջանակները:

Նոր ուսումնական տարում Դիլիջանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հիմնանորոգված շենքում նոր հնարավորություններ կընձեռնվի բացել մասնագիտական նոր խմբակներ ու դասարաններ:

Դպրոցն իր ինքնատիպությամբ կարող է մեծ դեր ունենալ քաղաքի զբոսաշրջության զարգացման գործում:








No comments:

Post a Comment